top of page
Пост: Blog2 Post

Հայոց ելք Եգիպտոսից

Ըստ հրեական ավանդության` Եգիպտոսից դուրս գալու աստվածաշնչյան «Ելիցն» ընդունված է անվանել ոչ միայն «ելք Եգիպտոսից», այլ նաև` «Եգիպտոսի ելքը»: Ի՞նչ է դա նշանակում. առաջին հերթին այն, որ հրեական ելքի թեման այս պատմության միակ գլխավոր թեման չէ ։ Գոյություն ունի նաև մեկ ուրիշը` հենց իր` Եգիպտոսի «ելքը»։ Ի վերջո, հրեաներն ունեն իրենց ուրույն ուղին, սեփական ճակատագրի վերաբերյալ իրենց հեռանկարը, բայց այս պատմության գլխավոր դիպվածները տեղի են ունեցել ոչ միայն հրեաների, այլ նաև` եգիպտացիների հետ: Օրինակ, «Եգիպտոսին վրա հասած «10 պատիժները» հայտնի են բոլորին, և այդ պատիժները ընդունված է դիտարկել դրանց անխուսափելիության համատեքստում, որպեսզի հրեաները կարողանային լքել Եգիպտոսը:


Սակայն, մի՞թե այդ պատիժներն իմաստ չունեին հենց Եգիպտոսի համար։ Ակնհայտ է, որ Ամենաբարձյալը դրանց միջոցով ջանադրաբար փորձում էր ինչ-որ բան բացատրել նաև Եգիպտոսին, ուստի մենք գործ ունենք ոչ թե մեկ, այլ առնվազն` երկու պատմության հետ։


Ինչու՞ եմ Հայաստանի վերաբերող հոդվածում ուզում անդրադառնալ այդ թեմային։ Պատասխանը պարզ է. աստվածաշնչյան պատմությունները ներառում են ոչ միայն պատմական նկարագրություն, այլ ամենակարևորը` դրանց իմաստը, որը կախված չէ կոնկրետ գործող անձանցից, այլ այն բանից, թե ինչ գաղափարներ են դրսևորվում այդ անձանց վարքում:


Իսկ ի՞նչ կստացվի, եթե Հայաստանին նայեք այս պատմության տեսանկյունից։ Մենք ունենք մի ժողովուրդ, որն իրեն որպես առանձին ազգ է գիտակցում, սակայն ինտեգրված է ինչ-որ մեկ այլ բանի, որն ավելի գլոբալ է, քան ինքը։ Այդ ազգը ոչ թե ինտեգրված, այլ` ուղղակի ստրկացված է օրենքներով, որոնք ինքը չի սահմանել, ստրկացված է հարաբերությունների համակարգով, որն իրեն պարտադրվել է, բայց նախ և առաջ` ստրկացված է սովի միջոցով, որը սկիզբ է առել հենց իր` ժողովրդի ներսում: Հիշեցնեմ, որ համաձայն պատմության` հրեաները Եգիպտոսում հայտնվեցին իրենց երկրում սկսված սովի պատճառով և Եգիպտոս հենց հացի համար եկան։ Բայց, աստվածաշնչյան պատմությունը հայտնում է, որ հետագայում Եգիպտոսն ինքն է սովի երկիր դառնում: Նրանց ճակատագրերը կապված էին։


Այդպես և Հայաստանը. սկզբում սպառելով իր հոգևոր, ապա նաև ֆիզիկական պաշարները` մե՛կ Բյուզանդիայում, մե՛կ Օսմանյան կայսրությունում, մե՛կ Ռուսական կայսրությունում հայտնվեց, հարաբերությունների արևմտյան համակարգում, այն ամենում, ինչը նրա սեփական՝ պատմական և հոգևոր փորձի արդյունքը չէր, այլ, ավելի շուտ, նրա ներքին թուլացման հետևանքը։ Այդ թուլացումը բերեց Հայաստանի ստրկացմանը, ստրկացումն ավելի խորացրեց աղքատությունը, տեղի ունեցավ ցեղասպանություն(հիշենք փարավոնին՝ մանուկներին սպանելու իր հրամանով), և արդյունքում հանգեց ելման կետին՝ հայտնվելով ներկայիս կիզակետում։ Բայց, միաժամանակ տեսնում ենք, որ աղքատացել և լիակատար բարոյազրկում են ապրում նաև այն կառույցները, որոնք մեզ ազատազրկել են:


Ի՞նչն էր այն կարևորը բանը, որ Եգիպտոսը պետք է հասկանար սեփական ելքից առաջ: Այդ բացահայտելու համար բավական է ուշադրություն դարձնենք եգիպտական փարավոնի մասնակցությամբ աստվածաշնչյան երկխոսություններին. Եգիպտոսը պետք է հասկանար, թե ով է Ամենաբարձյալը։ Պատճառներից մեկը, որ Եգիպտոսը պետք է դա հասկանար, այն էր, որ Եգիպտոսի փարավոնն ինքն իրեն էր "ամենաբարձյալ" համարում, և պատմությունը նրան պետք է համոզեր նմանատիպ կարծիք ունենալու սխալը: Այս աշխարհի ուժեղները հաճախ են իրենց «բարձյալ» համարում, սակայն նրանք ևս պետք է պատմությանից դասեր քաղեն, իսկ այդ դասերն այնպիսի դասեր են, որոնցից ոչ բոլոր «աշակերտներն» են ապաքինվում ։


Այսօր հայ ժողովուրդը «եգիպտական» մատրիցայի մի մասն է, սակայն հիմա, ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո, վերջապես պատրաստ է «ելքի»՝ ինչպե՛ս «Եգիպտոսից ելքին», այնպե՛ս էլ «Եգիպտոսի ելքին»:


Կար ժամանակ, երբ հրեաները Եգիպտոսում բավականին լավ էին ապրում: Դա այն ժամանակ էր, երբ հրեա Հովսեփը փարավոնի օգնականն էր: Եթե վերհիշենք հայոց պատմության խորհրդային ժամանակաշրջանը, ապա զուգահեռն ակներև է. Հայաստանն

այդ շրջանում պատերազմների չի ենթարկվել, հայերը կարող էին ազատորեն ապրել, հանրապետությունը, թեկուզ ոչ միանշանակ, բայց զարգացել է։


Այնուհետև, Եգիպտոսի մասին պատմության մեջ իշխանության եկավ «մեկ այլ փարավոն», ով նախկին «եգիպտա-հրեական» եղբայրությունը չէր ուզում հիշել, և հրեաները որպես ստրուկներ՝ սկսեցին աշխատել քարհանքներում և աղյուսի արտադրության մեջ։


Նմանատիպ փոփոխության առջև կանգնեցին նաև հայերը. Խորհրդային Միության փլուզումից հետո հայ ակադեմիկոսներն ու երաժիշտները հնոտիաշուկաներում առևտրականներ ու «բիզնեսմեններ» դարձան, ժողովուրդն սկսեց ենթարկվել ահաբեկչության, կողոպուտի, բռնության ու վախի։ Վախեցնել այնպես, որ նույնիսկ որևէ մեկի մտքով անգամ չանցնի հնարավոր ելքի մասին: «Եգիպտահայ եղբայրությունը» ընդամենը քող էր՝ հայ ժողովրդին ստրկացնելու, նրա գենոֆոնդը ոչնչացնելու, ժողովրդին՝ մի կտոր հացի համար պայքարող հրոսակախմբերի վերածելու նպատակի համար։ Այնուհետև, եկավ ազատագրման գաղափարը, որին անմիջապես հետևեցին պատիժները։


Երկրորդ ղարաբաղյանը վերցրեց մեր առաջնեկներին, մեր լավագույններին, բայց մենք դեռ ոչ մի տեղ դուրս չենք եկել, քանի որ մեզ ազատազրկողները «շրջափակման վերացում» և նախկին հակառակորդների հետ հաջողակ առևտուր են խոստանում ։ Ըստ ավանդության, երբ հրեաներն արդեն պատրաստ էին դուրս գալ Եգիպտոսից՝ փարավոնը «հրապարակայնություն և ազատականացում» հայտարարեց, որի հետևանքով հրեաների մեծ մասը այդպես էլ ոչ մի տեղ դուրս չեկավ: Փոխարենը, Եգիպտոսից հեռացող հրեաների հետ մեծ թվով եգիպտացիներ դուրս եկան։ Պետք է հասկանալ, որ հայերի մեծ մասը նույնպես ոչ մի տեղ չի պատրաստվում դուրս գալ. նրանք շարունակելու են հարմարավետորեն ապրել վտարանդի կարգավիճակում, հոգևոր ստրկության մեջ, «սփյուռքում», իրենց հարմարավետ աշխարհներում, ուր Բարձյալի տեղը զբաղված է տարբեր տեսակի փարավոններով՝ անկախ նրանից, թե ինչ գույնի «տներում» են նրանք բնակվում։ Այնուամենայնիվ, ելքն անխուսափելի է, և մենք տեսնում ենք դա, քանի որ ականատեսն ենք իրականացվող պատիժների, և այդ պատիժներից մեկն օրինակ, համաշխարհային նոր համաճարակն է, որը միայն մեզ չէ, որ առնչվում է:


Երբ ես գրում եմ ելքի և Հայաստանի մասին, անշուշտ, նկատի չունեմ բռնատիրական մի «հովանավորի» փոխարինումը մյուսով: Դա ելք չէ, այլ սեփական անձի՝ սեփականության իրավունքի փոխանցում։ Ելքը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կեղծ «պարոնների» փոխարեն որպես «Տիար» Բարձյալն է ընտրվում։ Այդ դեպքում, ինչ գին էլ պահանջվի՝ ժողովուրդը պատրաստ կլինի գնալ իր՝ սեփական ճանապարհով։ Հասկանալի է, որ ելքին ոչ թե դրախտային պայմաններ են հետևելու, ինչը մեզ խոստանում են վայ-քաղաքական գործիչները, այլ քառասուն տարվա անապատային կյանք: Փորձեմ արտահայտվել հայ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ Բրիտանիայի վարչապետի կողմից ասված խոսքերի մեջբերմամբ. ելքին հաջորդում են « blood, sweat and tears » - ը, այսինքն ՝ արյունը, քրտինքը և արցունքները։ Դեպի ազատություն տանող այլ ուղիներ ելքի պատմությունը չի առաջարկում։


Բայց մեկ այլ, հետաքրքիր նրբիմաստ գոյություն ունի. «Եգիպտոսի ելքը» բոլորովին ուրիշ է։ Այս պատմության մեջ դուրս են գալիս ոչ թե հրեաները, այլ հեռանում է հենց ինքը՝ Եգիպտոսը: Ի տարբերություն հրեաների՝ Եգիպտոսը ոչ թե «Ավետյաց երկիր» է գնում, այլ գնում է դեպի անհայտություն: Եգիպտոսի փարավոնը իր ողջ բանակով ու ճոխ ունեցվածքով խորտակվեց ծովում: Այն հրեաները, որոնք դուրս չէին եկել Եգիպտոսից՝ զոհվեցին Եգիպտոսի հետ՝ նրա «ելքի» պահին։ Ի՞նչ է սպասում հայերին, ովքեր իրենց հույսը դրել են ոսկե սարեր խոստացող կեղծ «աստվածների» վրա։


Ի վերջո, յուրաքանչյուր ոք ինքն է ընտրում ու՞ր գնալ, ի՞նչ ճանապարհով և ամենակարևորը, հանուն ինչի՞: Եվ, ընդհանրապես, արդյո՞ք գնալ: (Թարգմանություն` Ա. Բեժանյան)

bottom of page